|
CIVICUS Քաղաքացիական հասարակության ինդեքսի (ՔՀԻ) և Քաունթերփարթ Ինթերնեշնլի գործընկեր` Թուրքիայի TUSEV կազմակերպության հետ իրականացվող ՔՀԻ Տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության շրջանակներում վերջերս իրականացվեցին երկու միջոցառումներ:
Առաջինը` Քաունթերփարթը հյուրընկալեց Թուրքիայի իր գործընկերներին` որպես Տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության երկրորդ քայլ: Փետրվարին` Քաունթերփարթի Ստամբուլ կատարած աշխատանքային այցից հետո Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եկան Երևան` մասնակցելու Հայաստանի քաղաքացիական հասարակության խմբերի և ՔՀԻ խորհրդատվական հանձնախմբի հետ համատեղ աշխատանքային հանդիպմանը: Այս քննարկումը հնարավորություն տվեց Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներգրավվել երկխոսության մեջ, համեմատել երկու երկրների ՔՀԻ արդյունքները, քննարկել ընդհանրություններն ու տարբերությունները և գտնել այն ոլորտները, որտեղ նրանք կարող են համագործակցել և դասեր քաղել միմյանցից:
Հանդիպման ժամանակ Հայաստանի ԽՀ անդամներին, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջին անգամ ներկայացվեցին Հայաստանի և Թուրքիայի ՔՀԻ համեմատական արդյունքները: Նշված ամենաուշագրավ ընդհանրություններից էին քաղաքացիական մասնակցության ցածր մակարդակը, ֆինանսական կախվածությունը (նմանություններ նաև մասնավոր ռեսուրսների հայթայթման և ԿՍՊ հայեցակարգի ընկալման հարցում):
Հաջորդ օրը թուրք գործընկերները հրավիրված էին մասնակցելու Քաղաքացիական հասարակության ինդեքսի ազգային համաժողովին` Քաունթերփարթի կազմակերպած երկրորդ կարևոր միջոցառմանը: Օրվա ընթացքում Թուրքիայի պատվիրակությունը հնարավորություն ունեցավ հանդիպել Հայաստանի կանանց իրավունքների, մարդու իրավունքների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թուրքիայի և Հայաստանի մասնակիցները տեղեկություններ փոխանակեցին և պատմեցին իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին: Սա հետագա համագործակցության համար հիմնավոր քայլ էր:
Քաղաքացիական հասարակության ինդեքս ազգային համաժողովը կոչված է համախմբելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կառավարության անդամների, գործարար համայնքի, լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և գիտական հաստատությունների` քննարկելու ՔՀԻ հետազոտության արդյունքները, վերլուծելու քաղաքացիական հասարակության ուժեղ և թույլ կողմերը և ծրագրելու հզորացմանն ուղղված համապատասխան նախաձեռնություններ: Այս միջոցառումը եզակի է նրանով, որ միտված է քաղաքացիական հասարակության ներկա վիճակի միասնական պատկերացում կառուցել, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հզորացման համար համատեղ գործողությունների օրակարգ մշակել:
Համաժողովին ներկա էր առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը և ԱՄՆՄԶԳ Հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ջոն Սիոնգը, որոնք հանդես եկան բացման խոսքով: Մասնակիցներին ողջունեց նաև CIVICUS-ի գլխավոր քարտուղար Ինգրիդ Սրինաթը` տեսահոլովակի միջոցով: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին հինգ աշխատանքային խմբի` ըստ ՔՀԻ հինգ չափորոշիչների: Այս աշխատանքային խմբերը նախ ծանոթացան և քննարկեցին հետազոտության արդյունքները, այնուհետև վերլուծեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնացող վտանգները: Հինգ խմբերում աշխույժ քննարկումներ տեղի ունեցան` ներկաների ակտիվ մասնակցությամբ:
Խմբերին այնուհետև հանձնարարվեց քննարկել քաղաքացիական հասարակության հետազոտության արդյունքներն ու առաջարկություններ անել` առաջնահերթ գործողությունների մշակման համար: Նշված հիմնական առաջնահերթություններից էին ՔՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ՔՀԿ լեգիտիմության հաստատումը և կազմակերպությունների և ՔՀԿ-ների ֆինանսավորման համար խորհրդատվական մեխանիզմների ստեղծումը: Այնուհետև կազմվեց հատուկ «աշխատանքային խումբ»` գործողությունների պլաններ մշակելու համար: Նշված գործողությունները ներառում են քաղաքացիական կրթության խթանումը, շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցությունը, ինչպես նաև ցանցերի և կոալիցիաների ստեղծումը:
Քաունթերփարթն այժմ առաջնորդելու է այս ծրագրերի իրագործումը հնարավոր դարձնելու ջանքերը: Մասնակիցների հետագա հանդիպումները թույլ կտան գործողության վերջնական պլաններ մշակել, իսկ աշխատանքային խմբերը այնուհետև հնարավորություն կունենան դրանք իրականություն դարձնել Քաունթերփարթի աջակցությամբ: |