|
 Քաղաքացիական զարգացման և գործընկերության հիմնադրամը (ՔԶՀՀ)` Պրոֆեսիոնալներ հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի, Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ի, ՀԿ կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանում Խաղաղության կորպուսի գործընկերությամբ և աջակցությամբ իրականացնում է Կամավորության նախաձեռնության ծրագիրը:
Մեր նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բարձրացնել քաղաքացիական պատասխանատվության և կամավորական աշխատանքի մասին իրազեկությունը և համայնքների բնակչության ներգրավվածությունը կամավորական համայնքային ծառայության աշխատանքներում:
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`
- կամավորականության կառավարման եռօրյա սեմինար ծրագրի մասնակիցների համար` քաղաքացիական պատասխանատվությունը, կամավորությունը, համայնքային ծառայությունը/ ծառայության ուսուցումը, հանրային իրազեկման քարոզարշավները թեմաներով (նախատեսվում է հունիսի 2-րդ կեսին),
- համայնքային ծառայության շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն համայնքային ծառայության նախաձեռնություններ, ազգային ու համայնքային մակարդակով համայնքային ծառայության վերաբերյալ իրազեկման քարոզարշավներ (հուլիսի 2-րդ կես),
- երիտասարդական ճամբարներ ու ֆորումներ, որոնց ընթացքում համայնքի երիտասարդ բնակիչները կուսուցանվեն համայնքային ծառայության իրականացման սկզբունքներին ու մեթոդներին, կներգրավվեն տարբեր համայնքային նախաձեռնություններում (օգոստոս-սեպտեմբեր):
Կամավորական նախաձեռնություն ծրագրի իրականացման համար Հայաստանի 30 համայնքներից կընտրվի 21-ից բարձր տարիքի մինչև 3 մասնակից` ծրագրով նախատեսված միջոցառումներին մասնակցելու և նախաձեռնող դեր կատարելու համար: Մասնավորապես, ընտրված մասնակիցները պետք է անցնեն եռօրյա սեմինար, նախաձեռնեն և առաջնորդեն համայնքային ծառայության միջոցառումներ, իրազեկման քարոզարշավներ, ինչպես նաև կազմակերպեն և անցկացնեն երիտասարդական ճամբարներ և ֆորումներ: Ծրագրի արդյունքում մասնակիցները հետաքրքիր և օգտակար փորձ ձեռք կբերեն ինչպես համայնքային ծառայության իրականացման, այնպես էլ տարբեր կառույցների, կազմակերպությունների հետ համագործակցություն ձևավորելու և զարգացնելու, երիտասարդներին ուսուցանելու ու համայնքի ներգրավման ոլորտում։ Նշենք, որ մասնակցությունը ծրագրին իրականացվում է կամավոր հիմունքներով, ծրագրային ծախսերը իրականացնում են կազմակերպիչները: Մանրամասն հայտարարությունը և դիմումի ձև կարող եք բեռնել ստորևէ: |